Կոտայքի մարզի Հանքավան առողջավայրում նոյեմբերի 16-ին երեք անձի սպանության մեջ կասկածվող Հայրապետ Սեփոյանը Մարմարիկի գյուղապետարանի ավագանու անդամ է: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Հայրապետը բնակվում է ծնողների հետ, որոնք դեպքից հետո անհետացել են, իրավապահ մարմինները, չեն կարողանում նրանց հայտնաբերել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ, սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է իրենց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը: Նախնական տեղեկություններով՝ ի սկզբանե վեճը կտրած ծառի պատճառով է եղել, որը ողբերգական հանգուցալուծում է ունեցել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հանքավանի «Տաք ջուր» կոչվող վայրում կրակել են մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով երեք տղամարդ է մահացել՝ երկուսը տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննություն է տարվում՝ հանգամանքները պարզելու համար:
NEWS.am-ին հայտնի էր դարձել մահացած երեք անձանց ինքնությունը: Մեկը 27-ամյա երիտասարդ է Արմեն Հովհաննիսյան անունով, մյուսները եղբայրներն են՝ 25-ամյա Վարդան Գալստյանը եւ 35-ամյա Վահե Գալստյանը: Արմենը Վահեի ու Վարդանի ընկերն էր, ով եղել է մեքենայի մեջ:





























