Երկուշաբթի Մինեսոտայի նահանգում ոստիկանությունը զանգվածային բողոքի ակցիայի 51 մասնակցի է ձերբակալել, ակցիան կազմակերպվել էր այն բանից հետո, երբ օրենքի պահապանները վիրավորել էին Մինեապոլիս քաղաքի մի բնակչի:    Ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, որը նրանց կոչ էր անում ցրվել: Ձերբակալության ընթացքում ցուցարարները «դիմադրություն ցույց չեն տվել, դրա համար էլ ուժի դիմելու կարիք չի եղել», տեղեկացրել է նահանգի ոստիկանության լեյտենանտ Թիֆանի Շվեյգարտը:

Բողոքի ակցիան սկսվել է նստացույցից, հետո երթի է վերածվել, ինչի հետեւանքով արագընթաց մայրուղու երթեւեկությունը երկուս ու կես ժամով ընդհատվել է:  Ոստիկանության գնահատականով, ակցիային քաղաքի մի քանի հարյուր բնակիչ է մասնակցել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Նրանք 24-ամյա Ջամար Քլարքի վիրավորվելու հանգամանքների անկախ հետաքննություն են պահանջել: Կիրակի ոստիկանության աշխատակիցները ատրճանակով նրան հրազենային վնասվածք էին հասցրել: Նրանք պնդում են, որ Քլարքը ձերբակալվել է բռնությամբ ուղեկցված հանցանք կատարելու կասկածով:  Ցուցարարները հիմք ունեն ենթադրելու, որ ոստիկանները նախ տղայի ձեռքին ձեռնաշղթա են անցկացրել, իսկ հետո կրակել են վրան:   Իրավիճակում հստակություն կմտցնի միջադեպի տեսագրությունը, որի հրապարակումն են պահանջում Մինեապոլիսի վրդովված բնակիչները: