Տավուշում անցած տարվա մայիսի 12-ին կնոջը խեղդելով սպանելու համար 10 տարով ազատազրկված պայմանագրային զինծառայող Մերուժան Հարությունյանի 3 մանկահասակ երեխաների խնամակալությունը հանձնվել է հայրական տատիկին ու պապիկին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Իծաքարի գյուղապետ Արամ Դանիելյանը:

«Մերուժանի ծնողները չեն աշխատում, երեխաների համար նպաստ են ստանում, յոլա են գնում»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ 2014թ. հոկտեմբերի 9-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մերուժան Հարությունյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել ազատազրկման՝ 10 տարի ժամկետով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. մայիսի 12-ին վաղ առավոտյան Մերուժան Հարությունյանը խեղդամահ էր արել կնոջը՝ Հերմինե Չիլինգարյանին, որից անմիջապես հետո զանգահարել հորն ու ասել, թե «արի տես ինչ եմ արել»: Գյուղացիները մեզ պատմել էին, որ Մերուժանը կնոջը սպանել էր, երբ 3 անչափահաս երեխաները կողքի սենյակում քնած են եղել: Սպանության պատճառն ըստ գյուղացիների խանդն է եղել: