Ձմռան նախաշեմին «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ գազասպառման  համակարգերի տեխնիկական սպասարկման բոլոր տարածքային  ծառայություններում գազասպառման համակարգերի օգտագործման անվտանգության մակարդակի բարձրացումն ապահովելու նպատակով:

Այս առնչությամբ, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է.

«Ձմռան նախաշեմին Հայաստանի Հանրապետության բնակչության մեծ մասը իրենց  բնակարանների ջեռուցումն  ապահովում է երկնագույն վառելիքի միջոցով: 2015 թ.  նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնական գազ է օգտագործում 664723 գազասպառող բաժանորդ:

Օդի ջերմաստիճանի նվազման պատճառով զգալիորեն բարձրանում է կենցաղային գազի սարքավորումների ծանրաբեռնվածությունը, եւ բաժանորդները  պետք է  առավել զգոնություն ցուցաբերեն ու պահպանեն գազի օգտագործման անվտանգության կանոնները:

2015-2016թթ. ջեռուցման սեզոնի հետ կապված «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերության գլխավոր  տնօրեն Արսեն Հարությունյանի հանձնարարականի համաձայն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ  Գազասպառման  համակարգերի տեխնիկական սպասարկման  բոլոր տարածքային  ծառայություններում գազասպառման համակարգերի օգտագործման անվտանգության մակարդակի բարձրացումն ապահովելու, ինչպես նաեւ կենցաղում հնարավոր պատահարների կանխարգելման նպատակով: Մասնավորապես, անհրաժեշտ է, խիստ հետեւողական լինել  ռիսկային խմբեր հանդիսացող բաժանորդների նկատմամբ, արգելել ապօրինի տեղադրված ինքնաշեն եւ շահագործման համար ոչ պիտանի եւ պահանջվող նորմերի խախտումներով տեղադրված գազասարքերի շահագործումը: Միաժամանակ շարունակել  հրահանգավորել բաժանորդներին գազային տնտեսությունում անվտանգության կանոնների պահպանման եւ գազի արտահոսքի հայտնաբերման ձայնազդանշանային  սարքերի կարեւորության մասին:

Գլխավոր տնօրենի հանձնարարականի համաձայն` տարածքային սպասարկման կենտրոններում  պետք է խիստ հսկողության տակ պահել բաժանորդների կողմից ստացված հեռախոսազանգերը եւ համապատասխանաբար ապահովել արագ արձագանքում: