«Տարոն ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է տեղեկությունները, թե Հարավային Սուդանում կործանված օդանավը պատկանում է իրեն:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե տեղեկություններ կան, որ կործանված օդանավն իրեն ընկերությանն է պատկանում, Գառնիկ Պապիկյանը բարկացած պատասխանեց. «Ո՞վ է ձեզ տվել իմ հեռախոսի համարը: Ով տվել է, իրեն էլ հարցրեք: Ցտեսություն»:
Այլ հարցերի հայ գործարարը չպատասխանեց եւ անջատեց հեռախոսը:
Նշենք, որ մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` օդանավը պատկանել է Գառնիկ Պապիկյանի Ala International LTD ընկերությանը, որը գրանցված է Շարժայում: Ավիավթարից հետո Պապիկյանն անհասանելի էր դարձել, նույնիսկ ավիավթարի զոհերի հարազատները չէին կարողանում կապ հաստատել գործարարի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2015թ. նոյեմբերի 4-ին բեռնատար ԱՆ-12 օդանավի վթարից զոհվել են տասնյակ մարդիկ՝ օդանավի անձնակազմը, ուղեւորները, երկրի վրա գտնվող մարդիկ։
Օդանավի անձնակազմի հինգ անդամները հայեր են եղել
Առաջին օդաչու, օդանավի հրամանատար Գեւորգ Թովմասյանը
Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը
Ինժեներ Սամվել Մկրտչյանը
Ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը
Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը
Անձնակազմի մարմինները տեղափոխվել են Հայաստան:




























