Կոտայքի մարզի Հանքավան առողջավայրում նոյեմբերի 16-ին ինքնաձիգի կարկոցներից սպանված եղբայրներից մեկը՝ 25-ամյա Վարդան Գալստյանը, նախկինում դատապարտվել է խուլիգանության համար եւ ազատ արձակվել համաներումով:

NEWS.am-ի տեղեկություններով, Վարդան Գալստյանը Քրեական օրենսգրքի դատապարտվել է 2011 թվականին 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Նա ազատ է արձակվել 2013 թվականին՝ համաներումով:

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ, սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է  նրանց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը: Նախնական տեղեկություններով՝ ի սկզբանե վեճը կտրած ծառի  պատճառով է եղել, որը  ողբերգական հանգուցալուծում է ունեցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հանքավանի «Տաք ջուր» կոչվող վայրում կրակել են մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով երեք տղամարդ է մահացել՝ երկուսը տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննություն է տարվում՝ հանգամանքները պարզելու համար:

NEWS.am-ին հայտնի  էր  դարձել մահացած երեք անձանց ինքնությունը: Մեկը 27-ամյա երիտասարդ է Արմեն Հովհաննիսյան անունով, մյուսները  եղբայրներն են՝ 25-ամյա Վարդան Գալստյանը եւ 35-ամյա Վահե Գալստյանը: Արմենը Վահեի ու Վարդանի ընկերն էր, ով եղել է մեքենայի մեջ:

Մեր տեղեկություններով՝ Գագիկ Սեփոյանը, որի հետ վիճելու պատճառով վերջինի որդին՝ Հայարպետ Սեփոյանը կրակել է 3 անձի վրա, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանի քրոջ ամուսինն է: Իսկ Հայրապետ Սեփոյանը Կոտայքի մարզի Մարմարիկի գյուղապետարանի ավագանու անդամ է: