1992-ից ի վեր Հայաստանի տնտեսության մեջ Միացյալ Նահանգների ուղղակի ներդրումները 215,5 մլն դոլար են կազմել: Այդ մասին նոյեմբերի 17-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նրա խոսքով, ամերիկացի ներդրողները վաղուց գնահատել են ծառայությունների, զբոսաշրջության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հնարավորությունները: Չօգտագործված ներուժ առկա է նաեւ այլ ոլորտներում: «2015-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում վերոհիշյալ ոլորտներում ԱՄՆ-ի ներդրումները 1,8 մլն դոլար են կազմել», - հավելել է նա:
Նշենք, որ Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն արտասահմանյան ներդրողը շարունակում է մնալ Ռուսաստանը: 2015-ի հունիսի տվյալներով, որոնք հնչեցրել է Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուս համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի ներդրումների ընդհանրական գումարը կազմում է մոտ 3 մլրդ դոլար:




























