Կապանով հոսող Ողջի գետում առկա են մեծ քանակությամբ ծանր մետաղներ: Ըստ Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի սեպտեմբերին անցկացրած «Մակերեւութային ջրերի եւ մթնոլորտային օդի»  մոնիտորինգի արդյունքների՝ գետում առկա են մեծ քանակությամբ մետաղներ՝ կադմիում, կոբալտ, նիտրիտիոն, մոլիբդեն, մանգան, վանադիում, ստիբիում, սուլֆատիոն եւ գետը ունի «վատ» քիմիական որակ:

Նշենք, որ Որջի գետը հոկտեմբերին դեղին գույն էր ստացել, որը բնապահպանները կապում էին կավարտի լքված հանքավայրի հետ: Նրանց խոսքով, ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը, որոնք մինչև գետը լցվելը անցնում են Կավարտի լքված հանքավայրի տարածքով՝ լցվելով Ողջի գետը, դրան տալիս են դեղին գույն:

NEWS.am-ի հետ զրույցում աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը նշել էր, որ Որջի գետն այդ վիճակում է, քանի որ արդեն մի քանի տարի է տարբեր տեսակի մետաղներ պարունակող Կավարտի բաց հանքավայրը լքված է եւ ոչ ոք այն չի վերահսկում:

NEWS.am-ին ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնել էին, որ Ողջի գետից նմուշառում է արվել եւ սպասում են լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնից էլ մեզ տեղեկացրին, որ հոկտեմբերին անցկացված լաբորատոր փորձաքննության արդյունքները պարզ կլինեն մի քանի օրից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Համահայկական բնապահպանական ճակատն ահազանգել էր, որ Կապանով հոսող գետակը, որը թափվում է Ողջի գետ, ամբողջովին դեղին է: