Հրաչյա Գեւորգյանը դատարանի առջեւ է կանգնել Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն` Սուրեն Ջաբուրյանին, պատանդ վերցնելու եւ նրա հորից փող պահանջելու համար: Երեւանի 51-ամյա բնակիչը, որը նախկինում 5 անգամ դատված է եղել,  դանակով սպառնացել է Նաիրա Հարությունյանին եւ նրա որդուն, եւ նրանց պատանդ վերցրել: Հրաչյա Գեւորգյանը հանցագործությունը կատարել է նակինում դատված 29-ամյա Գարիկ Հարությունյանի հետ, որի հետ նախնական համաձայնության գալով՝ նրանք մորն ու երեխային տեղափոխել են իրենց բնակության վայր:

Հրաչյան ու Գարիկը պատանդներին ազատելու պայմանով Նաիրա Հարությունյանի հորից գումար են պահանջել, որն ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին: Բացի այդ Հրաչյա Գեւորգյանը, բանտում գտնվելու ընթացքում, Սուրեն Հարությունյանից՝ սպառնալով, որ կնվաստեցնի ու կվնասի վերջինի դստերը` Նաիրա Հարությունյանին եւ նրա երեխաներին, պահանջել եւ ստացել է խոշոր չափերի գումար:

Հրաչյա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 218 հոդվածի  2 մասի 1,3,4,7 կետերով՝  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,  ակնհայտ անչափահասի նկատմամբ՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, պատանդ վերցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով, ՔՕ 34 հոդվածով՝ Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով, ՔՕ 139 հոդվածի 1-ին մասով՝ Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները՝համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով, ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով եւ ՔՕ 182 հոդվածի 1-ին մասով՝ Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հրաչյա Գեւորգյանը կալանավորված է: