Լուսանկարում՝ Նարինե Հարությունյան

3 անձի սպանության մեջ կասկածվող՝ 27-ամյա Հայրապետ Սեփոյանի մայրը, որն նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանի քույրն է, համոզված է՝ Գալստյան եղբայրներն են որդուն դրդել նման քայլի:

«Մենք ոչ միլիոնատեր ենք, ոչ պուզատի ա իմ ամուսինը, ոչ էլ իմ էրեխեն նրանց նման խմող, պլանքյաշ, կռվարար ա: Սաղ ասում էին՝ էս ամեն ինչը մի օր պիտի լիներ իրանց հետ, բայց ինչի՞ հենց իմ էրեխեն պիտի մեջտեղում տուժեր, էդ սաղ փաթաթվեր իմ էրեխու վզին: Ինչի՞ են հարձակվել մեծ, հիվանդ մարդու վրա, ծեծել: Կարող ա՞ իրանք լինեին, իրանց հորը թողեին էթային, ո՞ր մի տղեն իրա հորը կթողներ տենց վիճակում, կեթար»,- NEWS.am-ին ասաց Նարինե Հարությունյանը։

Դեպքի օրն առավոտյան Հայրապետը մորը հիվանդանոց է տարել, վերադարձել են, դրանից հետո մայրը չի տեսել ոչ որդուն, որն այժմ ձերբակալված է, ոչ էլ ամուսնուն, որը հիվանդանոցում է։ Դեպքի մասին իմացել է ուշ երեկոյան։

Լուսանկարում` Հայրապետ Սեփոյան

Հարազատները պատմեցին, որ վիճաբանությունը ծագել է, երբ Գալստյան եղբայրները ալկոհոլի ազդեցության տան գնացել են Հանքավանի հանգստյան գոտի, տեսել, որ որոշ հատված ծառեր կան ու Հայրապետի անտառապահ հորը՝ Գագիկ Սեփոյանին ծեծել՝ մեղադրելով այդ ծառերը կտրելու մեջ: Վիճաբանությանը միջամտել է Գագիկ Սեփոյանի եղբայրը: Գալստյանները դանակով հարվածել են Գագիկ Սեփոյանին ու եղբորը, նրանց թույլ չեն տվել հեռանալ տարածքից: Հարազատները պատմեցին, որ Հայրապետին զանգահարել ու ասել են, որ հորը ծեծել են, նա անմիջապես մեկնել է Հանքավան, իսկ թե որտեղից է նրա մոտ ինքնաձիգ եղել, նրանք տեղյակ չեն:

Լուսանկարում` Գագիկ Սեփոյան

Սեփոյանների հարեւանները NEWS.am-ի հետ զրույցում Հայրապետին բնութագրեցին որպես խելոք ու հարգված տղայի, որը, նրանց խոսքով՝ գյուղի «Շտապօգնությունն» էր, օգնում էր բոլորին, երբեք կռիվների մեջ չէր ընկնում:

Հայրապետ Սեփոյանը ձերբակալված է, Գագիկ Սեփոյանը գտնվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնել են, որ նա դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ է ստացել, վիճակը միջին ծանրության է: Հարազատների խոսքով՝ Գագիկ Սեփոյանը դանակով հարված է ստացել ոտքի շրջանում, վնասված է աչքը, հնարավոր է՝ այլեւս չտեսնի:

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 16-ի երեկոյան կրակոցներ էին հնչել Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում, ինչի հետեւանքով մահացել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները, նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ, սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները, Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է նրանց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը, որդին հոր վրեժը լուծելու համար Հանքավանի «Տաք ջուր» առողջավայրում ինքնաձիգով կրակել է Վահեի մեքենայի վրա, ինչի հետեւանքով մեքենայում գտնվող երեք երիտասարդները մահացել են։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում  նոյեմբերի 17-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։

Վարդան Գալստյանն ու  Արմեն Հովհաննիսյանը ամուսնացած չէին: Վահե Գալստյանը երկու անչափահաս զավակների հայր էր:

Լուսանկարում` սպանված Վահե եւ Վարդան Գալստյանները