Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի ճակատում գտնվող ԲՀԿ-ն պոզիտիվ է տրամադրված նաեւ 2016 թվականի բյուջեի նախագծին, որն այս օրերին քննարկվում է Ազգային ժողովում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝  տարակուսանք հայտնելով, որ զարմանում են, որ իրենք կողմ են նախագծին։

«Մենք պոզիտիվ ենք տրամադրված։ Ի՞նչն է խնդիրը, որ մենք բյուջեին կողմ ենք»,-զարմացած հակադարձեց Միքայել Մելքումյանը։

Նշենք, որ 2016-ի բյուջեի նախագծով տնտեսական աճը նախանշվել է 2․2 տոկոս։ Աշխատավարձերի ու թոշակների բարձրացում անգամ չի նախատեսվում։ Մելքումյանը զարմանում է մարդկանց վրա, ովքեր կարծում են, որ պետք է նախատեսվեր։ «Ով էր ասում, որ կենսաթոշակները, աշխատավարձերը պիտի բարձրացնեին։ Տենց բան կա՞ր նախօրոք պլանավորած։ Էնքան են բարձրացրել, որ հիմա էլ տեղ չկա բարձրացնելու, որովհետեւ տնտեսական ցուցանիշները վատացել են»,- կառավարությանը արդարացրեց Մելքումյանը։

Հարցին, թե ԲՀԿ-ի «պոզիտիվ» տրամադրվածությունը հատկապես ինչո՞վ է պայմանավորված, Մելքումյանը փորձեց հիմնավորել․«Բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է, պետք է ռեսուրսները ռեալ գնահատես ու դրա հիման վրա կառավարությունը ինչ վարքագիծ պիտի դրսեւորի։ Ինքը ներկայացրել է իր հնարավորությունների փաստաթուղթը, էդքան բան»։

Այն հարցադրումներին, թե այդ բյուջեն որքանով է բարելավվելու քաղաքացիների կյանքը, որ ոլորտի վրա է մասնավորապես դրական անդրադառնալու, Մելքումյանը կոնկրետ պատասխանելու փոխարեն նկարագրեց բյուջեի ձեւավորման եւ բաշխման մեխանիզմը։

«Դու հարկեր ես հավաքում, Կենտրոնական բանկը իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, փողի զանգվածը պտտվում է, շրջանառություն կա տնտեսության մեջ, որը կոչվում է համախառն ներքին արդյունք, էդտեղից հարկեր ես հավաքում գալիս մտնում է բյուջե ու դրա հիման վրա թոշակ աշխատավարձ նպաստներ են լինում, հիմա վիճակն էնպիսին է, որ պիտի հասկանաս՝ էն ինչ որ պիտի հավաքես ու բաժանես ռեզերվ ունե՞ս, թե չէ։ 2017 թվականի բյուջեի համար կարող է լինի, բայց հիմա երբ որ տնտեսությաւնը քաշից ընկել է, կարողանում է հավաքի այնքան, ինչքան կարողանում է»։

Որպես իրավիճակը ռեալ գնահատելու հավաստիք՝ հիշեցրեց, որ անցած տարվա բյուջեին ԲՀԿ-ն դեմ է քվեարկել։

Մեր հիշեցմանը, որ այն ժամանակ իշխանափոխության գործընթացների թեժ փուլում էին, քաղաքական այլ վիճակ էր եւ այլ կերպ չէր կարող լինել, պատասխանեց․ «Կինոն սեւ ու սպիտակ չի, գույնզգույն ա, երբ մենք կինո ենք նայում, սեւ եւ սպիտակ չէ, կա գույնզգույն։ Կա իրավական, ֆինանսական մաս, հնարավորությունների փաստաթուղթ, էդքան բան»։

Դիտարկմանը, թե բյուջեի նկատմամբ պոզիտիվը  սահմանադրական փոփոխությունների նկատմամբ կտրուկ փոխված դիրքորոշման տրամաբանության շրջանակո՞ւմ են, ինչն իրենց նոր քաղաքականությունից է բխում, Մելքումյանը նախ հորդորեց մեկը մյուսի հետ չպայմանավորել, ապա վրդովվեց․ «Բայց ինչու եք դեմ, որ մենք կողմ ըլնենք Սահմանադրությանը։ Ի՞նչն է խնդիրը, որ մենք բյուջեին կողմ ենք։ Ինչի՞ եք ուզում, որ մենք դեմ լինենք, ի՞նչ նպատակ եք հետապնդում»։