Այս բյուջեն առաջընթացի բյուջե չէ։ Երեք կարեւորագույն խնդիր, որ ծառացած է ժողովրդի առջեւ, չի լուծում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն՝ անդրադառնալով 2016-ի բյուջեի նախագծին։ Պատգամավորը նշեց, որ խմբակցությունը հակված է դեմ քվեարկել բյուջեի նախագծին, բայց վերջնականապես դեռ չեն որոշել։
«Չի լուծում երեք կարեւորագույն խնդիր՝ արտագաղթի նվազեցում, աշխատատեղերի ստեղծում, աղքատության կրճատում։ Այս սկզբունքային հարցերը, որ կուտակվել են մեր երկրում, այս բյուջեն չի լուծում։ Հակառակը՝ ավելի է խորացնելու մեր ժողովրդի սոցիալ տնտեսական վիճակը, առակս կցուցանե, որ ավելացավ պարտքը, որը ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է շուրջ 50 տոկոս, հասնելու է վտանգավոր գծին, ինչին ականատես կլինենք մի քանի ամսից»,-ասաց Հովհաննես Մարգարյանը։
Վերջինս քննադատեց կառավարության վարկային քաղաքականությունը, որ վարկ վերցնելով՝ պետք է աշխուժացներ տնտեսությունը, սակայն հետընթաց է արձանագրում։
«Մեղմ ասած, շատ վատ վիճակ է։ Մենք կողմ չենք քվեարկելու, քննարկումները դեռ շարունակվում են։ Ուղղակի ասեմ շիտակ ու հստակ՝ մենք տրամադրված ենք բյուջեին դեմ քվեարկելուն»,- ասել է պատգամավորը։




























