Աշտարակ քաղաքում բնակվող Հակոբ Հարությունյանը, որի 3-ամսական դստեր դին հոկտեմբերի 14-ին հայտնաբերվել էր իր գետնափոր տնակի հարեւանությամբ գտնվող հողատարածքում թաղված, ահազանգում է, որ իր ու երեխայի սպանության մեջ մեղադրվող՝ իր երկրորդ կնոջ համատեղ երեխաներին ցանկանում են իր կամքին հակառակ տեղափոխել խնամքի կենտրոն:
Հակոբ Հարությունյանը, որն այժմ հանրակացարանի մեկ սենյակում է բնակվում իր առաջին կնոջ՝ Անժելայի, նրա երկու ու իր երկու երեխաների հետ, NEWS.am-ին պատմեց, որ քաղաքապետարանից աշխատակիցներ են եկել իրենց բնակության վայր ու հայտնել, որ երեխաներին պետք է հանձնեն «Հայ օգնության ֆոնդ» կազմակերպության խնամքին:
«Պատճառաբանում են՝ իբր ես ու Անժելան միասին ենք բնակվում մի սենյակում, ինձ անվանում են ստախոս, ասում են՝ իբր մենք մտավոր թույլ ունակություններ ունենք, իբր մեր սենյակը վերին աստիճանի կեղտոտ ա, հոտ ա գալիս: Ով եկավ, տենց բան չասեց, հենց իրանք են գալիս, մի հատ թատրոն են ցույց տալի, ներս չեն մտնում, քիթները փակում են»,- ասաց Հակոբը:
Հակոբի խոսքով՝ երեխաներին ՀՕՖ խնամքին հանձնելու դեպքում, հնարավոր է՝ հետո նրանց մանկատուն տեղափոխեն, ու երեխաներին մեկ այլ ընտանիք որդեգրի: Նա նշեց, որ խոսել է նաեւ Արմինեի հետ, որն այս պահին կալանավորված է, նա նույնպես չի ցանկանում, որ երեխաներին հանձնեն խնամքի կենտրոն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Ոստիկանությունը Աշտարակի «Վանա լիճ» կոչվող թաղամասում՝ գետնափոր կիսակառույց շինության տնամերձ հողատարածքում, 3-ամսական երեխայի դի էր հայտնաբերել: Պարզվել էր, որ երեխային թաղել են ընտանիքի անդամները 7 տարի առաջ: Նրա մայրը՝ Անժելան, որը երեխայի հոր առաջին կինն է ու ապրում է ամուսնու, իր երկու երեխաների, ամուսնու երկրորդ կնոջ ու նրա երեխաների հետ, պատմել է, որ երեխան մահացել է ամուսնու երկրորդ կնոջ կողմից քարով հասցված հարվածից: Նա ասել է, որ դեպքը պատահել է, երբ ինքը տանը չի եղել, իրեն դրա մասին պատմել է սկեսուրը:
Ընտանիքի հարեւանուհին NEWS.am-ին պատմել էր, որ ընտանիքի հայրը՝ Հակոբը, սկզբում ամուսնացած է եղել Անժելայի հետ, տարիներ հետո տուն է բերել Արմինեին: Նա առաջին կնոջից ունի 2, երկրորդից՝ 3 զավակ: Անժելան հարեւանուհուն ասել է, որ ինքը շարունակել է ապրել Հակոբի հետ որպես գործընկերուհի, երբ Հակոբն ամուսնացել է Արմինեի հետ: Ընտանիքն ապրում էր գետնափոր կիսակառույց տանը, ընտանիքի բոլոր անդամները քնում էին միասին՝ գետնափորում տեղավորվող միակ երկտեղանոց մահճակալին:
38-ամյա Արմինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 304-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն), նա կալանավորված է: Նշանակվել է դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննություն։
Հիշեցնենք, որ Հակոբ Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ 7 տարի առաջ, երբ երեխան մահացել է, ինքը որոշել է նրան հողամասում թաղել, որովհետեւ փաստաթղթեր չեն ունեցել, գերեզմանատանը տեղ ստանալը դժվար է եղել: Նա չի կարծում՝ երեխային իր կինն է սպանել եւ պահանջում է ազատ արձակել նրան:





























