ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն անլուրջ է վերաբերում ՀՀԿ-ական պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի այն հայտարարություններին, որ իրեն միտումնավոր սնանկացրել են Գագիկ Խաչատրյանն ու Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին ֆինանսների նախարարն ասել է ը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Նշենք, որ քանիցս Աշոտ Աղաբաբյանը հրապարակավ մեղադրանքներ է հնչեցրել, որ մարզադաշտը քայքայելու գործում նրանք մեծ դերակատարում են ունեցել: Գագիկ Խաչատրյանի ենթակաները ստուգումներ իրականացնելիս` 60 միլիոն դրամով տուգանել էին Աղաբաբյանի ձեռնարկությանը, իսկ Գագիկ Ծառուկյանը «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին արտոնյալ պայմաններով առաջարկեց գործունեությունը շարունակել «Առինջ» մոլում: Աղաբաբյանը հարկային մարմինների տուգանքի որոշումը վիճարկում է դատարանում: Օրերս կհրապարակվի վճիռը:
«Մեր մասնագետները գտել են, որ հիմնավոր է տուգանքը: Նա դիմել է դատարան, դատարանը կորոշի անհի՞մն է, թե՞ ոչ: Գագիկ Խաչատրյանը նման հարցերով չի զբաղվում եւ նպատակ էլ չունի որեւէ մեկին սնանկացնելու: Համակարգը հարկային պարտավորություններ է առաջադրել, ի՞նչ կապ ունի էստեղ Գագիկ Խաչատրյա՞նն է, թե՞ Պողոսյանը»,-ասել է Խաչատրյանը: Ֆինանսների նախարարը շեշտել է, որ ստուգումներ անցկացնելու ցուցումներն ինքը չի տալիս, այլ համապատասխան ռիսկերի համակարգը:
«Եթե Աղաբաբյանը միտում է տեսնում, ես չեմ տեսնում, պետք է կարողանա դատական կարգով ապացուցել: Որեւէ մեկը կարո՞ղ է դատական վճիռների դեմ որեւէ բան ասել։ Գագիկ Խաչատրյանը ստուգելու ցուցում չի տալիս, կա ռիսկերի համակարգ, տեսնում են` ռիսկ կա, ստուգում են»:
Հարցին, թե ինչից հետո համակարգը սկսեց ռիսկային գնահատել իրավիճակը ՀՀԿ-ական պատգամավորի ձեռնարկությունում, Խաչատրյանը պատասխանեց. «Աշխատում է ցանկացած պահի: Մարդկանց մոտ տպավորությունն էն է, որ միտումներ կան, բայց էդ համակարգը ինքը էլեկտրոնային է եւ ռիսկերի չափանիշներով աշխատում է, որեւէ անձ չի»։




























