Նոյեմբերի 15-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վ. Վաղարշյան փողոցի 21/1 շենքի բնակարաններից մեկից, «փակ գանգուղեղային վնասվածք, դեմքի աջ կեսի ճակատային, քունքային, այտային, հատակաակնակապճային շրջանների, քթի փափուկ հյուսվածքների սալջարդ, ենթամաշկային հեմատոմա, աջ ստորակնակապճային շրջանի պատռված վերք, քթամեջքային ձախ կեսի քերծվածք վերք, քթոսկրերի տրավմատիկ կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա Արամայիս Շ.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 22-ամյա Արմեն Պ.-ն եւ տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 15-ին, ժամը 01.00-ին, Վ. Վաղարշյան փողոցի եւ Կոմիտասի պողոտայի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, ինքը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Արամայիս Շ.-ի դեմքի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:





























