Մյանմարի կառավարությունը Շան նահանգի Կոկան ինքնավար մարզում չեղյալ է հայտարարել ռազմական դրությունը, որը մտցվել էր փետրվարին՝ բանակի եւ ապստամբների միջեւ բախումներից հետո։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է, քանի որ այդ տարածքում վերականգնվել է խաղաղությունը եւ կարգուկանոնը։

Չինաստանին սահմանակից Կոկան ինքնավար մարզում լարված իրավիճակը պահպանվում էր 2014թ. դեկտեմբերից։ Փետրվարի 17-ին երկրի իշխանությունները հայտարարել էին ինքնավար մարզում ռազմական դրություն հաստատելու մասին, որտեղ կանոնավոր բանակի եւ զինված ապստամբների միջեւ բախումներ էին ընթանում։ Ըստ վերջին տեղեկությունների՝ բախումներից զոհվել է առնվազն 200 մարդ։ Հստակ տվյալներ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։