Ջալալաբադի համալսարանի քսանյոթ ուսանող է ձերբակալվել աֆղանական Նանգարհար նահանգում՝ ի պաշտպանություն «Իսլամական պետություն» եւ «Թալիբան» ծայրահեղական խմբավորումների հանրահավաք կազմակերպելու մեղադրանքով: 

Նանգարհար նահանգի ոստիկանական վարչությունում չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել են, որ երիտասարդները ձերբակալվել են անցած գիշեր հատուկ գործողության ընթացքում: Ոստիկանությունում նշում են, որ քննությունից հետո նրանցից ոմանց գուցե մեղադրանք առաջադրվի: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին համալսարանի մի քանի ուսանող Նանգարհար նահանգի Ջալալաբադ քաղաքի կենտրոնում ցույցի էր դուրս եկել  ԻՊ-ի եւ «Թալիբանի» դրոշներով, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

«Հոգնել ենք հանրապետությունից: Իսլամական պետություն ենք ուզում»,- վանկարկում էին ցուցարարները:

Ուսանողների գործողությունները վրդովմունքի ալիք են առաջացրել Աֆղանստանի հասարակությունում: Տեղի համալսարանի ղեկավարությունը հայտարարել է, որ միջոցառումը ուսումնական հաստատության տարածքում չի եղել, ըստ այդմ, ինքը պատասխանատվություն չի կրում տեղի ունեցածի համար:

 Ներքին գործերի եւ բարձրագույն կրթության նախարարություններում խոստացել են   հետաքննություն անցկացնել: