Հոգեբան, լրագրող 37-ամյա Նազենի Ղարաբաղցյանին վրաերթի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 242 հոդված 2-րդ մասով՝ Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 17-ին վրաերթի հետեւանքով հիվանդանոցում մահացել է հոգեբան, լրագրող 37-ամյա Նազենի Ղարաբաղցյանն:
Նազենի Ղարաբաղցյանը նոյեմբերի 11-ին վրաերթի էր ենթարկվել, եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնել էին, որ Նազենի Ղարաբաղցյանը ստացել էր գանգուղեղային ծանր տրավմա, միացված էր արհեստական շնչառական ապարատին: Կինը ենթարկվել էր վիրահատության, որից հետո սակայն վիճակի որեւէ փոփոխություն չի նկատվել, եւ գիտակցության չգալով՝ այսօր առավոտյան մահացել է:
Նշենք, որ Նազենին գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի դուստրն է, ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ դուստր:





























