Նյու Յորքից մի պայծառատես մեղավոր է ճանաչվել խարդախության համար այն բանից հետո, երբ հաճախորդը նրան 550 հազար դոլար է վճարել իր սիրած կնոջը վերակենդանացնելու համար, գրում է The New York Times թերթը:
Պարբերականը տեղեկացնում է, որ 26-ամյա Պրիսիլլա Քելլի Դելմարոն գործարքի է գնացել քննության հետ եւ խոստովանել է իր մեղքը: Ներկայումս նա չորս տարի պայմանական ժամկետ է ստացել: Նրա հաճախորդը` 33-ամյա Նայլ Ռայսը դատարանին պատմել է, որ առաջին անգամ էքստրասենսին այցելել է 2013 թվին: Նրա խոսքով, էքստրասենսը կարողացել է Ռայսին համոզել, որ կկարողանա վերակենդանացնել նրա սիրած կնոջը, որը մահացել էր թմրանյութի մեծ չափաբաժնից: Առաջին հանդիպումից հետո տղամարդը սկսել է պայծառատեսին խոշոր գումարներ վճարել: Նշվում է, որ նույնիսկ Tiffany-ից մատանի է գնել նրա համար 40 հազար դոլար արժողությամբ, տեղեկացնում է Gazeta-ն:
«Իմ կյանքում շատ ծանր շրջան էր: Իսկ երբ դուք գործ ունեք խոցելի մարդկանց հետ, օգտվում եք դրանից: Ես հասկանում եմ, ոմանք մտածում են, թե ինչպես կարող էի այդքան հիմար լինել, բայց եթե դուք խոցելի մարդ եք, որը որոշակի խնդիրների միջով է անցել, ուզում եք հավատալ մարդկանց»,-պարբերականին պատմել է Ռայսը:
Նա հավելել է, որ դժգոհ է օրինապահ մարմինների գործողություններից, որոնք նրա կարծիքով կարող էին ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի էքստրասենսի հաճախորդները խուսափեն խարդախությունից: Ռայսը կարծում է, որ դատախազները կարող էին գոնե հրապարակել հեռախոսահամարը, որպեսզի Նյու Յորքի բնակիչները հետագայում չդիմեն նրա ծառայություններին:





























