Սինայի թերակղզում ահաբեկչության պատճառով А321 ինքնաթիռի կործանման հետեւանքով ռուսաստանցիների սպանությունը հավասարազոր է Ռուսաստանի վրա հարձակման, Մոսկվան բոլոր միջոցները գործի կդնի իր պաշտպանության համար, չորեքշաբթի հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»: 

«Ինչ վերաբերում է մեր գործողություններին (ահաբեկչության մեղավորներին գտնելու եւ պատժելու ուղղությամբ), ինչպես ընդգծել է նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը), դրանք հիմնված կլինեն  ՄԱԿ-ի կանոնադրության  51-րդ հոդվածի վրա, այդ հոդվածը ենթադրում է, որ յուրաքանչյուր պետություն իր վրա հարձակման դեպքում իրավունք ունի անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության:  Սինայի թերակղզու վրա ահաբեկչական գործողությունը հենց հարձակում էր ռուսական քաղաքացիների վրա, ինչը հավասարազոր է պետության վրա հարձակման»,-ընդգծել է Լավրովը Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին:  

Լավրովը հավելել է, որ «ինքնապաշտպանության իրավունքն իրացվելու է բոլոր մատչելի միջոցներով` քաղաքական, ռազմական, հատուկ ծառայությունների, հետախուզության գծով եւ այլն»: