Այն մտավախությունները, թե Հայաստանում Ռուսաստանի պատճառով տնտեսական անկում կարձանագրվի, չհաստատվեցին: Այդ մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանում ասել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նա հիշեցրել է, որ մինչեւ 2015-ի սկիզբը Համաշխարհային բանկը, ԱՄՀ-ն եւ ՎԶԵԲ-ը Հայաստանում համապատասխանաբար զրոյական աճ էին կանխատեսում, 1-ից 1,5 տոկոս անկում: Այդ կանխատեսումները հիմնված էին Ռուսաստանի տնտեսության վիճակի վրա: Սակայն հայկական կողմը այդ ժամանակ դեռ հայտարարում էր, որ չի կարելի Ռուսաստանի իրավիճակը հարյուր տոկոսով պրոյեկտել Հայաստանի վրա:
«Մենք նաեւ մեր սեփական ռեսուրսներն ունենք եւ դրանց արդյունավետ օգտագործման շնորհիվ 2015-ի I կիսամյակում 4 տոկոս աճ արձանագրեցինք այն դեպքում, երբ Ռուսաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 3,4 տոկոսով», - նշել է նախարարը: Ճշմարիտյանի խոսքով, հայտարարություններն այն մասին, թե աճը հիմնված է սոսկ գյուղատնտեսության վրա, հիմնավորված չեն: Այսպես, առաջին 9 ամսվա ընթացքում մետաղական հանքանյութի արդյունահանումն աճել է 41,7 տոկոսով, սննդի արդյունաբերությունը դանդաղել է 6,3 տոկոսով, ըմպելիքների արտադրությունը` 21 տոկոսով, ծխախոտի արտադրությունն աճել է 52,8 տոկոսով, հագուստինը` 9,4 տոկոսով եւ այլն:
«Այլ կերպ ասած, տնտեսության մեջ որոշ ոլորտներ անկում են արձանագրում, իսկ ուրիշները` աճ: Ինչպես ցանկացած շուկայական տնտեսությունում», - եզրափակել է Կարեն Ճշմարիտյանը:




























