2016 թվականն անկանխատեսելի է եւ միակ տարին է լինելու, որ խնդիրները կարող են ամեն վայրկյան փոխվել. եւ դեպի վատը, եւ դեպի լավը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ):
«Քանի որ բացի հանքանյութերից մեր տնտեսությունը կապված է ռուսական շուկայի հետ, մենք էսօր չենք կարող ասել՝ ռուսական շուկայում ինչ փոփոխություններ կլինեն, դրա համար ի տարբերություն անցած տարիների բյուջեների, այս բյուջեն, որ հաստատում ենք, վարչապետն ազնիվ է վարվել եւ ասում է այն, ինչը կարող ենք ունենալ»,-նշել է պատգամավորը:
Հարցին, թե համամի՞տ է այն պնդումների հետ, որ հերթական անգամ ձախողվել է կառավարութան տնտեսական քաղաքականությունը, խոստումները չեն կատարվել, Ալիկ Պետրոսյանը պատասխանել է. «Էկեք իմ ու քո չանենք, սեւը սպիտակի հետ չխառնենք, ես նորից ասում եմ՝ չի ձախողվել ոչ մի բան, ոչ մեկ չի կարողացել կանխատեսել, որ Ռուսաստանի ռուբլին մեկը մեկին կարժեզրկվեր: Եթե մեկը կարողանար դա գուշակել, հիմա կլիներ աշխարհի ամենահարուստ մարդը: Տնտեսությունը կախված է աշխարհի բոլոր երկրների տնտեսություններից»:
Գործարար պատգամավորն իշխանության մեղքը չի տեսնում ստեղծված իրավիճակում, քանի որ կառավարությունը չէր կարող կանխատեսել ռուբլու անկումը: «Այսօր ամեն ինչ անում ենք, որ լավ լինի: Բայց ինչ ուզում է անենք, եթե մեր ստեղծած ապրանքը չենք կարողանում վաճառել, մնացածն ավելորդ է: Էսօր մեծ բիզնեսն է փակվում, ուր մնաց փոքր ու միջին բիզնեսը: Դիմանալու խնդիր է: Որ ասում են պաշտոնյաների բիզնեսը չի վատանում. ես չեմ պատկերացնում որ ընդհանուր բիզնեսը վատ լինի, իսկ որեւէ պաշտոնյայի բիզնես լավ լինի»,-ընդգծել է Ալիկ Պետրոսյանը:





























