ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը այլեւս որեւէ կուսակցություն չիանդամագրվի: Այս մասին հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում:
«Ոչ մի կուսակցություն չեմ մտնելու»,- հայտարարեց նախկին ԲՀԿ-ականը՝ շեշտելով, որ հաջորդ խորհրդարանում լինելու համար դեռ մեկ տարի ժամանակ ունի մտածելու:
«Ես ընդհանրապես կուսակցություն չեմ մտնելու, մինչեւ մանդատը դեռ մեկ տարի կա: Ինչ գիտեք՝ ինչ է փոխվելու մեկ տարվա մեջ: Մանդատ ունենալու համար պարտադիր չէ որեւէ կուսակցություն մտնես, կարող ես անկուսակցական մնալ ու որեւէ մեկի ցուցակով առաջադրվես»,-ասաց նա՝ վստահեցնելով, թե դեռ չգիտի՝ որ կուսակցության ցուցակում տեղ կգտնի:
Ամիսներ առաջ իշխանության անխնա քննադատ պատգամավորը հրաժարվեց իշխանության գործունեության մասին որեւէ խոսք ասել, ընդդիմադիր դաշտի վերաբերյալ հռետորական հարցադրումներ հնչեցրեց: «Հիմա ժողովրդին ոտքի կանգնեցնող ընդդիմություն, ուժ կա ՞»:
Վերջինս ասաց, որ ժողովրդի կողքին ինքը կկանգնի այն ժամանակ, երբ առիթ լինի: Սահմանադրական փոփոխությունները առիթ չեն նրա համար: Հրաժարվեց նշել այն առիթը, որն իրեն կտանի ընդդիմադիր հարթակ:
Նշենք, որ Ռուստամ Գասպարյանը լքել է նաեւ Ազատամարտիկների դաշինքը, որն ստեղծվել էր իշխանափոխության նպատակով:





























