ԱՄՆ-ի հիմնական ջանքերն ուղղված են աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացման եւ կողմերի միջեւ բանակցություններին աջակցելու համար: Այդ մասին Երեւանում նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսին հայտնել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Բրիջիտ Բրինկը` անդրադառնալով պատերազմի վերսկսման մասին ադրբեջանական կողմի պարբերական սպառնալիքներին եւ այն քայլերին, որ ձեռնարկում են Միացյալ Նահանգները հնարավոր ռազմական գործողությունները կանխարգելելու ուղղությամբ:
Բրինկի խոսքով, ինքը տեղեկացված է վերջին շրջանում հակամարտության գոտում լարվածության աճի մասին: «Բայց համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, որում հստակորեն ընդգծվում է ծանր ռազմատեխնիկայի օգտագործման անթույլատրելիությունը եւ բոլոր կողմերին զինադադարը չխախտելու կոչ է պարունակում: Համանախագահների ջանքերն իրականում շատ կարեւոր են: Մենք սերտորեն աշխատում ենք դեսպան Ուորլիքի հետ եւ շարունակում ենք աջակցել նրա ջանքերին` ռազմական գործողությունների վերակսումից խուսափելու համար» - ընդգծել է Բրիջիթ Բրինկը:





























