Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված համաներում հայտարարելու սպասումները դատապարտյալների շրջանում դեռ շարունակվում են: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ համաներում հայտարարելու կամ համաներման նախաձեռնությամբ հանդես գալու խնդիրը ամենեւին պարտականություն չէ որեւէ պետական մարմնի համար:

Մեր հիշեցմանը, որ տարածված լուրերի համաձայն` կաթողիկոսն էր դիմել Սերժ Սարգսյանին համաներում հայտարարելու խնդրանքով, Հովհաննիսյանը արձագանքել է. «Հոգեւոր իշխանությունն իր լիազորությունների, իր պատկերացումների շրջանակում կարող է բարձրաձայնել այն խնդիրների ու իրադարձությունների մասին, որը ակնկալում է: Այլ խնդիր է պետական իշխանության, աշխարհիկ իշխանության շրջանակներում քննարկել այն հարցադրումը, թե որքանով է այդ պահին նպատակահարմար նման միջոցառում անելը հատկապես այն պայմաններում, երբ կարճ ժամանակ առաջ ունեցել էինք համաներում»:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի` այս կամ այն կարեւոր իրադարձության հետ կապված հանրության մեջ ձեւավորվում են համաներման սպասումներ:

«Համաներում հայտարարելու կամ համաներման նախաձեռնությամբ հանդես գալու խնդիրը ամենեւին պարտականություն չէ որեւէ պետական մարմնի համար, լինի հանրապետության նախագահը` որպես առաջարկություն ներկայացնող, թե առավել եւս Ազգային ժողովը` որպես որոշում կայացնող: Հատկապես նախագահի առումով էլ քննարկել, որ պարտականություն կա, որ այս կամ այն իրադարձության հետ կապված համաներումով հանդես գալ, այդքան էլ ճիշտ չէ»,- նշել է նախարարը:

Մեր դիտարկմանը, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցով պայմանավորված սպասումները դեռ շարունակվում են եւ այդ շրջանակում քննարկվո՞ւմ է համաներում հայտարարելու անհրաժեշտությունը, նախարարը պատասխանել է. «Դրա նպատակահարմարությունը չի քննարկվում: Համաներման հետ կապված այս պահին որեւէ քննարկում չի իրականացվում» :