«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի վերաբերյալ այսօր՝ նոյեմբերի 19-ին, դատավճիռ կկայացվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ամբաստանյալի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:
«Երեկ կայացած դատական նիստում մեղադրող կողմը պահանջեց 8 տարվա ազատազրկում: Դատարանն այսօր արդեն դատավճիռը կհրապարակի»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ 2014թ.-ի մայիսի 7-ին հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Քյարամ Ամոյանի մասն առանձնացնել եւ 6 ամսով հետաձգել քննությունը: Նույն թվականի նոյեմբերի 10-ին քննությունը վերսկսվել էր: 2015թ. փետրվարին կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակվել, որից հետո դատավարությունը նորից հետաձգվել էր:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Մանուկյանը եւ Սամվել Դավթյանը դատապարտվել են 11-15 տարվա ազատազրկման:





























