ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2005 թվականին չպարզված անձանց կողմից Հրանտ Մ.-ին առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը թաքցնելու նպատակով սպանելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով կազմված քննչական խմբի ղեկավարը չի կատարել մի շարք անհրաժեշտ քննչական գործողություններ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ քննչական խմբի ղեկավարը չի պարզել կատարված սպանությանն այլ անձանց մասնակցությունը, չի կատարել լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննություն, ժամանակին չի իրականացրել անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ:

Պաշտոնեական անփութություն կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 315-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: