ԱՄՆ Թեքսասի նահանգի իշխանություններն իրականացրել են 15 տարի առաջ մահապատժի դատապարտված մարդասպանի մահապատիժը։ Նրան մահվան էին դատապարտել մանկահասակ դստերն ու նրա 2 խորթ քույրերին սպանելու համար։ Դատավճիռն ի կատար է ածվել մահաբեր ներարկման միջոցով։

36-ամյա Ռաֆայել Հոլիդեյը այս տարի Թեքսասի նահանգում մահապատժի ենթարկված 13-րդ հանցագործն է։

2000թ. Հոլիդեյի քաղաքացիական կինը դատարանով արգելել էր նրան մոտենալ իրեն եւ ընտանիքի մյուս անդամներին այն բանից հետո, երբ նա բռնաբարել էր իր 7-ամյա աղջկան։ Դրանից հետո Հոլիդեյը եկել էր կնոջ տուն եւ ատրճանակի սպառնալիքով ստիպել կնոջ մորը բենզին լցնել երեխաների վրա եւ այրել նրանց։ Հրդեհից մահացել էին 7-ամյա Թիերան եւ նրա խորթ քույրերը։ Հանցագործը դեպքի վայրից դիմել էր փախուստի եւ կալանավորվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հոլիդեյը բազմիցս փորձել էր հասնել պատժի մեղման։ Գործի աննախադեպությունը ստիպել էր նրա փաստաբաններից մեկին ինքնաբացարկ հայտարարել։

Նշենք, որ ԱՄՆ-ում մահապատիժը թույլատրված է 31 նահանգում։