Աշտարակի Աղձք համայնքում այսօր՝ նոյեմբերի 19-ին, մահացած հայտնաբերված Մամիկոն Ս.-ն հովիվ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը, որի համագյուղացին է մահացած տղամարդը:

«Մամիկոնը հովիվ էր, այդ տեղանքում միշտ անասուններին էր տանում արածեցնելու: Թե ինչն է եղել մահվան պատճառը, կպարզի քննությունը: Ենթադրում ենք, որ հանկարծամահ է եղել»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ Մամիկոն Ս.-ն ուներ 4 անչափահաս երեխա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. նոյեմբերի 19-ին Աշտարակ քաղաքի կաթնամթերքի գործարանի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել: Մահվան հանգամանքները դեռեւս հայտնի չեն, թեեւ դիակի վրա կան վնասվածքներ:

Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: