«Իսլամական պետություն» արմատական խմբավորմանը հնարավոր չէ ոչնչացնել առանց Սիրիայում քաղաքական կարգավորման, որը կարող է որոշ ժամանակ տեւել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆիլիպիններում ընթացող Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովից շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ռեյթերսը»:

Օբամայի խոսքով, այդ խնդրի լուծումն անհնար է, եթե Սիրիայում իշխանության մնա Բաշար Ասադը:

Վիեննայում Սիրիայի հարցով միջազգային հանդիպումը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, որին մասնակցել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի եւ այլ տարածաշրջանային խաղացողների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԵՄ-ի, Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչները: Հանդիպումը նվիրված է եղել Սիրիայում հակամարտության քաղաքական լուծման որոնումներին:

Որոշվել է, որ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ բանակցությունները պետք է տեղի ունենան մինչեւ 2016-ի հունվարի 1-ը, իսկ 18 ամսվա ընթացքում պետք է նոր սահմանադրությամբ ընտրություններ կազմակերպվեն: