ԻՊ գրոհայինները տեսանյութ են հրապարակել, որում խոստանում են ահաբեկչություն կազմակերպել Նյու Յորքի բանուկ թաղամասերից մեկում, գրում է NYPost-ը։

Տղամարդը, որի դեմքը կադրում չի երեւում, ռումբ է հավաքում եւ թաքցնում այն բաճկոնի տակ։ Կադրում երեւում է նաեւ Մանհեթենի Թայմս Սքվեր հրապարակը։ Ամերիկյան պարբերականի վստահեցմամբ առկա է ԻՊ-ի իրական սպառնալիքի վտանգ։

Իր հերթին Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հենց Թայմս Սքվերից, որը ԻՊ-ը սպառնում է պայթեցնել, պատասխանել է ահաբեկիչների տեսաուղերձին։

«Նյու Յորքի բնակիչներին չեք վախեցնի։ Մենք հասկանում ենք, որ ահաբեկիչների նպատակը մեր ժողովրդավար հասարակությունը սարսափի մեջ պահելն է։ Մենք չենք զիջի նրանց ցանկություններին։ Նյու Յորքում մարդիկ  կարող են իրենց հանգիստ զգալ։ Եթե դուք ինչ-որ կասկածելի բան եք տեսնում, դիմե՛ք ոստիկանություն»,- ասել է քաղաքապետը։