Երեւանի Տերյան, Պուշկին եւ Լալայան փողոցի գերակա շահ ճանաչված շենքների բնակիչները, նոյեմբերի 16-ին հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որը խոստացել է ուսումնասիրել նրանց խնդիրը եւ լուծում տալ դրանց: Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում Կառավարության շենքի դիմաց ասաց Տերյան 18-ի նախկին բնակիչ Ժենյա Պողոսյանը: 

Ժենյա Պողոսյանի խոսքով՝ շենքները 12 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել եւ քանդվել քաղաքապետարանի կողմից: Ըստ պայմանագրի՝ քաղաքապետարանը բնակիչներին պետք է Կենտրոնում այլ բնակարաններ տար, որը չի արել:

«Ընդամենր 8 բնակիչների է բնակարաններ տվել, իսկ մյուսներս մնացել ենք անտուն, արդեն 12 տարի է՝ ուր ասես չենք դիմել, բայց ոչ մի լուծում չեն տվել, 12 տարվա մեջ վարչապետը հազիվ ընդունեց ու խոստացավ մեր հարցին լուծում տալ, բայց չենք հավատում, էլի փափուկ բարձ է դնում գլուխներիս տակ»,- ասաց ժենյա Պողոսյանը: