Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս ԱՄՆ-ում 10 հազար սիրիացի փախստական տեղավորելու նախագահ Բարաք Օբամայի նախագծին, գրում է  Washington Examiner պարբերականը` վկայակոչելով իրականացված հարցման տվյալներին:  

Ստացված արդյունքների համաձայն, քաղաքացիների 53 տոկոսը կարծում է, որ ծրագիրը պիտի դադարեցվի, իսկ 11-ը համաձայն է դրա իրականացմանը այն դեպքում միայն, եթե երկիրը բացառապես քրիստոնեություն դավանող սիրիացիների ընդունի: Սոսկ 28 տոկոսն է հավանություն տալիս ծրագրին իր ներկա վիճակում:

Նշվում է, որ ջիհադիստների կողմից հարձակումների վերջին ալիքը շատ քաղաքացիների է ստիպել մտահոգվել ահաբեկչական վտանգի առումով.  35 տոկոսն ահաբեկչությունը համարում է հիմնական սպառնալիքը, որին բախվել է երկիրը: Այլ խնդիրների թվում ամերիկացիները նշել են ներգաղթյալներին, պետական պարտքը, աշխատանքային պայմանները եւ առողջապահության համակարգը: 

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ դեռեւս սեպտեմբերին ԱՄՆ-ի քաղաքացիների 11 տոկոսը  «Իսլամական պետությունը» կարեւորագույն սպառնալիք էր համարում: Այս ամիս այդ ցուցանիշը աճել է մինչեւ 21 տոկոս:

Հարցումը նաեւ ցույց է տալիս, որ ամերիկացիների կարծիքներն այն մասին, թե արժե՞ ցամաքային զորք ուղարկել Մերձավոր Արեւելք, երկու խմբի են բաժանվել: Ռազմական միջամտության օգտին հանդես է գալիս  44 տոկոսը, տեղեկացնում է Gazeta-ն: