Արագածոտնի մարզի Աղձք գյուղի վարչական տարածքում գտնվող կաթի գործարանից ոչ հեռու հայտնաբերված 65-ամյա տղամարդու դիակի վրա դեմքի, որովայի եւ թիկունքի հատվածներում վնասվածքներ են եղել:

Այս առնչությամբ, ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2015թ-ի նոյեմբերի 18-ին` ժամը 15:30-ի սահմաններում, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ գործարանի մոտակայքում հայտնաբերվել է արական սեռի դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ձախ հատվածում՝ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի վարչական տարածքում, «Աշտարակ Կաթ» գործարանից  2 կմ հեռավորության վրա դեպի ձախ դաշտավայրում՝ խողովակաշարի մոտ, հայտնաբերել տղամարդու դի։ Արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ՝ դեմքի ձախ քունքային, աջ ականջի, որովայնի եւ թիկունքի հատվածում։ Դիակի ինքնությունը պարզվել է, ով Բյուրական գյուղի բնակիչ է՝ 65-ամյա Մամիկոն Սարգսյանն է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, հնարավոր ականատես վկաների, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։