Սահմանադրական փոփոխություններով մեծանալու է դատարանների անկախությունը։ Այս մասին այսօր` նոյեմբերի 19–ին, «Այո»–ի եւ «Ոչ»–ի ճամբարների մասնակցությամբ «Իրապատում» հաղորդման շրջանակում Շիրակի մարզի Արթիկ համայքնի բնակիչների հետ զրույցում ասաց «Այո»–ի ճակատը ներկայացնող, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը` արձագանքելով դատարանների անկախ չլինելու վերաբերյալ արթիկցիների դժգոհություններին։
Ըստ Ֆարմանյանի, գործող Սահմանադրությամբ դատական իշխանությունները ձեւավորվում են նախագահի կողմից եւ խոշոր հաշվով հաշվետու են նաեւ երկրի նախագահին կամ գործադիր իշխանությանը, հետեւաբար դատարանների նկատմամբ ճնշումը մեծանում է, իսկ առաջարկվող փոփոխություններով դատական իշխանության ղեկավար մարմինները նշանակում է Ազգային ժողովը, հետեւաբար նրանց անկախությունը մեծանում է։
«Օրինակ Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակելու համար խորհդարանական մեծամասնություն ունենալը բավարար չէ։ Պետք է ընդդիմության հետ բանակցեն»,– ասաց Ֆարմանյանը։





























