Պետական ծախսերի ավելացումը վտանգավոր չի, հակառակը՝ անհրաժեշտ է, վտանգավոր է, եթե այդ ծախսերը լինեն անիմաստ, անտեղի եւ անարդյունավետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

Նա համաձայնել է տեսակետին, թե ծախսերը պետք է կրճատել, ճոխություններ, անտեղի ծախսեր թույլ չտալ:

«Պետք է թույլ չտանք նաեւ նոր վարկերի, պարտքերի ավելացում, բայց պետական ծախսերի ավելացումը վտանգավոր չի, հակառակը՝ անհրաժեշտ է, նաեւ միջոցներից մեկն է՝ առավել շոշափելի եւ տեսանելի արդյունքներ ունենալու համար։ Վտանգավոր է, եթե այդ ծախսերը լինեն անիմաստ, անտեղի եւ անարդյունավետ։ Եթե լինեն պարզապես սպառում։ Եթե լինեն ոչ թե նոր ծրագրերի իրականացման, այլ ինչպես այստեղ նշվում է՝ մսխման նպատակով։ Որեւէ մեկը քաղաքական մեծամասնությունից երբեք չի աջակցի եւ չի փորձի ծածկել նման երեւույթները, եթե դրանք լինեն»,-ընդգծել է Նաղդալյանը:

Նա կոչ է արել չվախենալ կամ չխուսափել վարկերից ու պարտքերից, բայց պետք է նախանձախնդիր լինել, որ դրանց օգտագործման արդյունավետությունը բարձր լինի:

Ինչ վերաբերում է պարտքերի վերադարձելիության խնդրին, Նաղդալյանը նկատել է, որ այդ խնդիրը հոգում են նաեւ հենց պարտք տվողները, որոնք ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում հայաստանյան ցուցանիշները:

Մինչ այդ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ նախորդ տարի Հայաստանի պետական պարտքը կազմել է 4,4 մլրդ դոլար, իսկ այս տարի՝ 5 մլրդ։ «Հիմա սպասվում է 5,6 մլրդ դոլար։ Արտաքին պարտքն աճել է 1,1 մլրդ-ով՝ հասնելով 4,8 մլրդ-ի։ Կենտրոնական բանկի պարտքը 440 մլն-ից հասել է 550 մլն-ի»,-ասել է Արամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ դրանք մսխվող պարտքեր են: