2016թ. պետական բյուջեի նախագծով Կառավարությունը կոնկրետ հետեւողական քայլեր է նախատեսում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ եւ պետք է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին զանազան պետական աջակցություն տրամադրի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովում 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Այս ոլորտը մեր երկրում զարգացման մեծ ներուժ ունի: Կցանկանայի Կառավարության ուշադրությունը սեւեռել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ հնարավորությունների ստեղծման վրա: Սա շատ կարեւոր է, քանի որ աշխարհում փոքր եւ միջին սուբյեկտները ապահովում են զբաղվածության շուրջ 90 տոկոսը եւ համախառն եկամտի 70 տոկոսը: Մեր երկրում հիմնական խնդիրը համապատասխան նախադրյալների ապահովումն է: Ոլորտին ուղղված աջակցությունը պետք է լինի խիստ հասցեական, նպատակային եւ արդարացված»,-ասել է ԱԺ նախագահը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Կառավարությունը գործուն միջոցներ պետք է կիրառի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների պետական աջակցություն տրամադրելու ուղղությամբ, մասնավորոպես՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման, անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցում՝ սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացման եւ պետության կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունների կատարման առաջնահերթության ապահովման շրջանակներում: