Այսօր առավոտյան Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ելույթ ունենալով միանգամից երկու ռադիոկայանների՝ France Inter-ի եւ France Info-ի համար, ողջունել է «Իսլամական պետության» դեմ պայքարում Մոսկվայի «թափանցիկությունը»։ «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը ազնիվ քաղաքականություն է վարում։ Մենք պետք է միավորենք մեր ջանքերը ԻՊ-ի դեմ պայքարում։ Ավելի լավ է ուշ սկսել, քան երբեք։ Մենք մեր դիրքորոշումը ցույց տվեցինք՝ ԻՊ-ի դիրքերին հարվածելով»,- ասել է նա։
Ֆրանսիական մամուլը Ֆաբիուսին հիշեցրել է, որ երկար ժամանակ նա դեմ էր Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությանը եւ պնդում էր, որ ռուսական օդուժը հարվածներ է հասցնում ընդդիմությանը։ Նոյեմբերի 1-ին խորհրդարանում կարդացած նրա ելույթը դրա վառ օրինակն է, հայտնում է Le Figaro-ն։
Իր հերթին նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Sud Radio/Public Sénat-ի հետ զրույցում Ֆաբիուսին խորհուրդ է տվել փակել բերանը։ «Ռուսները Սիրիայում ամենասկզբից հստակ քաղաքականություն էին վարում։ Այդ մենք ենք փոխում մեր մարտավարությունը եւ հարմարվում ենք նոր իրողություններին։ Ֆաբիուսը փորձում է մեզ բացատրել, որ ինքն իրավացի էր այն ժամանակ, երբ նրա քաղաքականությունը ձախողվել է»,- ասել է նա։





























