Ֆրանսիայում ոստիկաններին թույլատրել են զենք կրել նաեւ ծառայությունից ազատ ժամերին, քանի դեռ երկրում շարունակվում է արտակարգ իրադրությունը, որը երկարաձգելու մասին որոշումն  այսօր պետք է կայացնի խորհրդարանը։ Այս մասին RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի ազգային ոստիկանության ղեկավար Ժան Մարկ Ֆալկոնը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ  ոստիկանությունը ողջ երկրի տարածքում ապահովի իր արդյունավետ ներկայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոստիկանները տեղերում հերթապահում են եւ անվտանգություն ապահովում, սակայն իրենց բնակության վայրերում եւ քաղաքում տեղաշարժվելիս նույնպես կարող են մասնակցել ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել է Ֆալկոնը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի տարածքում արտակարգ իրադրության ռեժիմը սահմանվել էր նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո։