Իտալական շինարարական «Ռենկո» ընկերությունը Երեւանի ՋԵԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման արտոնյալ պայմաններ կստանա: Մտադրությունների համապատասխան հուշագիրը նոյեմբերի  19-ին հավանության է արժանացել նախարարների խորհրդի նիստին: 

Էլեկտրակայանը կկառուցվի համատեղ շոգեգազային ցիկլով, որը 234 ՄՎտ հզորություն կունենա եւ Հայաստանի համար բարձր  ՕԳԳ` 50,5 տոկոսից ոչ պակաս: Կառավարությունը պատրաստ է զգալի արտոնություններ տրամադրել. նոր էլեկտրակայանին էժան գազ ապահովել եւ ամբողջ էլեկտրականությունը գնել բարձր սակագնով: Գազի սակագինը 1 հազար խորանարդ մետրի համար կկազմի  230,8 դոլար այն դեպքում, երբ այլ խոշոր սպառողներն այն գնում են   276,98 դոլարով:

Բացի այդ,   պետությունը երաշխավորում է, որ «Հայաստանի էլեկտրացանցերը» 20 տարի շարունակ արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան կգնեն  1 կՎտ/ժ-ը  6,62 ցենտով, չհաշված ԱԱՀ-ն  (որը ներկայիս փոխարժեքով  38,3 դրամ է): Համեմատության համար ասենք, որ Երեւանի ՋԵԿ-ի գործող էներգաբլոկը էլեկտրաէներգիան վաճառում է մոտ   22,2 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն):