Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ Անկարան, ամեն կերպ աջակցելով «Ջաբհաթ ան Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին, ամենաբացասական դերն է խաղում Սիրիայի ճգնաժամում։

«Թուրքիան հատկապես բացասական դեր է խաղում  մեր ճգնաժամում։ Դա ուղիղ կապ ունի Էրդողանի եւ Դավութօղլուի հետ։ Գաղափարախոսությունը, որը նրանք կրում են իրենց սրտերում, «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությունն է»,- ասել է Ասադը «Վալեր ակտյուել» ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում։

Բաշար Ասադը նշել է, որ Թուրքիայի գործողությունները, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի եւ Կատարի, ամենավտանգավոր դերն են խաղում, քանի որ Թուրքիան այդ ահաբեկիչներին ցուցաբերում է ամեն տեսակի աջակցություն։ Որոշ երկրներ աջակցում են «Ալ Կաիդային» մոտ կանգնած «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորմանը, որոշները՝ ԻՊ-ին, իսկ Թուրքիան աջակցում է երկուսին էլ եւ մյուս նմանատիպ խմբավորումներին։ Նա մարդկային ռեսուրսներ է տրամադրում, զինում է գրոհայիններին, ֆինանսավորում, ապահովում հետախուզական տեղեկություններով։ Իսկ ԻՊ-ը նավթ է վաճառում Թուրքիային, փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը։