Սիրիայում առանց երկրի նախագահ Բաշար Ասադի խաղաղ կարգավորում չի ստացվի, որովհետեւ նա արտահայտում է սիրիական հասարակության զգալի մասի շահերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռուսաստանի ռադիոյին» տված հարցազրույցում:
Ռուսաստանցի նախարարը հիշեցրել է, որ սիրիական հակամարտության ամենասկզբում Արեւմուտքում չէին կասկածում, որ Ասադի ռեժիմը շուտով կտապալվի. «Ասում էին՝ նրա օրերը հաշված են, բայց այդ օրերը արդեն 5-րդ տարին են գլորվում, եւ բոլոր կանխատեսումները, որոնք առաջադրում էին մեր արեւմտյան եւ այլ գործընկերները, որ ժողովուրդը կապստամբի եւ Ասադին կտապալի, չիրականացան»,-ասել է Լավրովը:
«Սա նշանակում է միայն մեկ բան, որ Ասադն արտահայտում է սիրիական հասարակության զգալի մասի շահերը, հետեւաբար առանց նրա մասնակցության խաղաղ կարգավորում գտնել չի ստացվի»,-ընդգծել է Լավրովը:





























