Գյուղատնտեսության նախարարը լավ է արել, որ հույսն Աստծո վրա է դրել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Գյուղատնտեսության նախարարի գործունեությանը անդրադառնալով, հաճախ ասում էին՝ Աստծո վրա հույսը դրեց, փաստորեն, լավ արեց , բայց, կարծում եմ, ոչ միայն Աստծո, որովհետեւ՝ իր եւ ոլորտի հազարավոր մարդկանց աշխատանքով եւ լիազոր մարմնի աջակցությամբ մենք այսօր որոշ արդյունքներ ունենք:

 Բոլորիս աչքի առաջ ամբողջ տարին նախարարը անձամբ եւ աշխատակազմի զգալի մասը շրջաններում են անցկացրել՝ գյուղացու հետ՝ աշխատանքն է արդյունք տալիս»,- ընդգծել է Նաղդալյանը:

Նրա խոսքով, ճիշտ է ոլորտում խոշորագույն խնդիրներ կան` գյուղատնտեսական արտադրությունը առավել ինտենսիֆիկացնելու , արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, որոնք պետք է ոչ միայն 2016-ին, այլեւ հետագա տարիներին պետության թիրախը լինեն:

«Անզեն աչքով տեսանելի է եւ վերեւում հնչեցված թվերից բխում է մի եզրակացություն, որ արդյունաբերության, շինարարության դերը մեր երկրում, իջնում է, տնտեսական աճի աղբյուր է դառնում գյուղատնտեսությունը, առեւտուրը եւ ծառայությունները, բանկային համակարգը, ապահովագրությունն է։ Սակավահող հանրապետությունում գյուղատնտեսությունը դարձել է առավելապես աճ ապահովող ոլորտ, իսկ երբեմնի ինդուստրիալ երկիրը, որը նախկին ԽՍՀՄ ավարտուն մեքենաշինության ցիկլ ունեցող երեք հանրապետություններից մեկն էր, կորցրել է իր դեմքն ու արդյունաբերական մասնագիտացումը, դարձել ագրարային անհեռանկար տնտեսություն»,-նկատել է ՀՀԿ-ական գործիչը: