Ոստիկանության տվյալներով՝ 2015թ. Հայաստանում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերն աճել են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը:
Արթուր Վարդանյանի խոսքով՝ 2015թ. գրանցվել է անչափահասների դեմ ոտնձգությունների 154 դեպք՝ նախորդ տարավա 152 դեպքի համեմատությամբ:
Երեխաների նկատմամբ 154 բռնության դեպքերից 11-ը կատարվել են ընտանիքում, իսկ նախորդ տարի գրանցվել է ընտանեկան բռնության 8 դեպք:
«Բռնությունները հիմնականում ծեծի տեսքով են կատարվել: Երեխաների նկատմամաբ բռնություն են գործել ոչ միայն ընտանիքներում, այլեւ փողոցում: Ինչպես անչափահասներն են ոտնձգություններ թույլ տալիս միմյանց նկատմամբ, այնպես էլ բռնության են ենթարկվում չափահասների կողմից»,-ասել է Արթուր Վարդանյանը:
Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալը նշեց, որ Անչափահասների իրավունքների եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը աշխատանքներ է տանում երեխաների նկատմամբ բռնությունների կանխարգելման ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով անչափահասների նկատմամաբ բռնության դեպքերը:
Նշենք, որ նոյեմբերի 19-ը Երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրն է:





























