Հայաստանի ամբողջականության հարցը սահմանադրական փոփոխությունների նախագծի անցկացումից հետո հարցականի տակ է դրվում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Շիրակի մարզի Հարիճ գյուղում ասել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այցելել է Հարիճ:
«Պետք է ժողովրդի կարծիքը հաշվի առնեին, նոր որոշեին Հայաստանի կառավարման համակագը փոխել խորհրդարանականի, յուրաքանչյուր փոփոխություն պետք է բխի Հայաստանի քաղաքացու շահերից, բայց դա չի արվել: Շատ վտանգներ է պարունակում սահմանադրական փոփոխությունները, հանրաքվեի օրը գնացեք ու «ոչ» ասեք:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ պետությունը գյուղատնտեսության ոլորտում չի կարողանում հարցերը ճիշտ լուծել եւ սահմանադրական փոփոխություններից հետո մեխանիզմներ կստեղծվեն այդհարցերին լուծում տալու համար:
«Հայաստանի բոլոր համայնքներում կան սոցիալական խնդիրներ, որոնց անհրաժեշտ է լուծում տալ: Սերժ Սարգսյանն անձամբ նախաձեռնել է փոխել պետության կառավարման համակարգը, քանի որ երկրում ինչ-որ բան էն չի: Մեր երկիրը գրավիչ չէ ներդրումներ անելու համար, որին նույնպես փոփոխություններից հետո լուծում կտրվի: Հայաստանում հակամենաշնորհային օրենք է լինելու եւ մենք միասին լուծումներ ենք գտնելու եւ հավատը վերականգնելու»,-ասաց Միքայել Մելքումյանը:
«Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանն էլ նշեց, որ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելով՝ ժողովուրդը կընդվզի իշխանության դեմ, կպաշտպանի իրավունքները եւ ԿԸՀ-ին կստիպի քվեները պահել այնպես, ինչպես որ ժողովուրդը քվեարկել է:
Նշենք, որ «Հյուսիս» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի ճակատից են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:





























