Ուկրաինայի Անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի կնոջ՝ Մարինա Ժուրավլյովայի տունը դարձել է Հայաստանի դեսպանի նստավայրը: Այս մասին գրում է «Գլավկոմ»-ը՝ վկայակոչելով «Corrupt.UA»-ին:
Սեփականության իրավունքների ռեեստրի տվյալօներով, Ժուրավլյովային են պատկանում Կիեւի Միչուրինի փողոցի թիվ 29, 31, 33 հասցեների տներն ու հողատարածքները:
Թիվ 31 հասցեում գտնվող ամենամեծ առանձնատան դարպասին այսօր «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակ է հայտնվել: Սակայն սեփականության իրավունքի ռեեստրում այդ տունը վարձույթով տրամադրելու մասին տեղեկություն չկա:
Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանի նստավայրը, ինչպես նաեւ դեսպանության տարածքն անձեռնմխելի են: Հետեւաբար, Սիվեցն այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից: Ներկայում դա կարեւոր է, քանի որ Ուկրաինայում ժամանակ առ ժամանակ նրա կինը գործնական այցով ժամանում է Կիեւ եւ իջեւանում հենց այդ տանը:
2010 թվականից Ուկրաինայում Հայաստանի դեսպանն Անդրանիկ Մանուկյանն է: Նրա նստավայրի տեղի եւ այնտեղ դեսպանի բնակության ժամկետի մասին հարցումը դեսպանությունն անտեսել է:
Վիկտոր Սիվեցն Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի մերձավոր պաշտոնյաներից էր: Յանուկովիչի փախուստից հետո, լրատվամիջոցների տվյալներով, Սիվեցը փոխադրվել է Մոսկվա:






























