ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Բեն Քարսոնը պատերազմից ու բռնություններից փախչող սիրիացի փախստականներին համեմատել է շների հետ, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Politico-ն:
Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Ալաբամայի նահանգների քաղաքներից մեկում Քարսոնը նշել է, որ ԱՄՆ-ին պետք են խելացի առաջնորդներ, որոնք հոգ կտանեն մարդկանց մասին: Նա հավելել է, որ միշտ պետք է հավասարակշռություն լինի անվտանգության եւ մարդասիրական խնդիրների միջեւ:
«Օրինակ, պատկերացնենք, որ ձեր շրջանում կատաղած շուն է վազվզում, դուք, հավանական է, որ նրան լավ շուն չեք համարի, եւ դուք, հավանական է, որ ձեր երեխաներին հեռու կպահեք նրանից»,-ասել է Քարսոնը:
Շարունակելով համեմատությունը, հանրապետական թեկնածուն հավելել է, որ հատուկ սքաներների օգնությամբ փախստականների ստուգումը նույնն է, որ ձեզ հարցնեն, թե ինչպես եք պաշտպանում ձեր երեխաներին. «Եթե անգամ սիրում եք շներին, դուք կզանգահարեք համապատասխան կազմակերպություն, որպեսզի վերականգեք ձեր բակի անվտանգությունը: Այսպիսով, մենք պետք է ունենանք սքանավորման սարքեր, որոնք թույլ կտան որոշել, թե ովքեր են կատաղած շները»,-ընդգծել է թեկնածուն:





























