Առաջին անգամ ԱՄՆ-ից Մեքսիկա վերադարձող ներգաղթյալների թիվը գերազանցել է ԱՄՆ ժամանող մեքսիկացի միգրանտների քանակը։ Այս մասին հայտնում են Pew Research Center-ի մասնագետները։ Համաձայն հետազոտության տվյալների՝ 2009-2014թթ. ավելի քան մեկ մլն մեքսիկացիներ եւ նրանց հարազատներ ԱՄՆ-ից վերադարձել են Մեքսիկա։
Այդ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում հաստատվել է 870 հազար մեքսիկացի։
Միգրացիոն միտումների փոփոխությունների պատճառներից մեկը, ըստ մասնագետների, ԱՄՆ տնտեսական բարդ իրավիճակն է, մասնավորապես շինարարական սեկտորում, որտեղ հիմնականում աշխատանք են գտնում ներգաղթյալները, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Մեքսիկա վերադարձածների մեծ մասն առաջին հերթին նշում է ընտանիքի հետ վերամիավորվելու ցանկությունը, մյուսներն առանձնացնում են Մեքսիկայում աշխատանք գտնեու աճող հնարավորությունները։





























