Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղի կենտրոնական փողոցում տեղակայվել է արտաքին լուսավորության՝ 41 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ: Այն լուսավորում է 1250 մ տարածություն:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում ամփոփել են հերթական նախագծի արդյունքները: Հատկապես կարեւորելով սահմանամերձ համայնքների դերն ու նշանակությունը:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բարձրունի համայնքի ղեկավար Գագիկ Գեւորգյանը, համայնքի բնակիչներ:

 «Լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Գյուղական համայնքներում այս ենթակառուցվածքի զարգացումը կարեւոր եւ պարտադիր պայման է՝ էներգետիկ համակարգ ունեցող որեւէ երկրի համար: Դա քաղաքակիրթ ապրելակերպի ցուցիչներից մեկն է: Իսկ սահմանամերձ համայնքներում՝ նաեւ անվտանգության երաշխիք է: Այսօրինակ ծրագրերով ձգտում ենք լինել հեռավոր մարզերում բնակվող մեր հայրենակիցների կողքին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մոտ 450 բնակիչ ունեցող Բարձրունիի լուսավորությունը հատկապես կարեւոր է անվտանգության նկատառումներով. համայնքը, որի պետական սահմանի 23 կմ երկարությամբ հատվածն ընդամենը 3 կմ է հեռու հայ-ադրբեջանական սահմանից, չի ունեցել արտաքին լուսավորություն ավելի քան 20 տարի:

Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչեւ 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն եւ կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարեւոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման եւ համայնքային զարգացման: