«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն 12-րդ օրը հացադուլը շարունակող դատապարտյալի ինքնազգացողությունը չի վատացել, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, այս պահին առողջության հետ կապված խնդիրներ չկան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, NEWS.am-ին հայտնեցին արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ դատապարտյալը երիկամների հետ խնդիրներ ունի եւ ինքնազգացողությունը վատացել է: Արդարադատության նախարարությունից մեզ հայտնեցին, որ այլ ՔԿՀ-ներում հացադուլավորներ չկան:
Դատապարտյալը բողոքում է պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի՝ իրենց դիմումները մերժելու որոշումների դեմ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ից հացադուլ են սկսել նաեւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը եւ Փայլակ Խանամիրյանը, հաջորդ օրը նրանց էր միացել եւս 6 դատապարտյալ, Վոլոդյա Ավետիսյանն նոյեմբերի 9-ին դադարեցրել է 10 օր առաջ սկսած հացադուլը:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՔԿՀ գնացած նախարարության աշխատակիցների այցից հետո 6 դատապարտյալ հացադուլը դադարեցրել էր:





























